Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/291

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ապա անցնում ենք հյուսնոցը։ Սա ավելի ընդարձակ է, քան դարբնոցը, սակայն նույնպես չի բավարարում պահանջին։ Այստեղ շինում են պահարաններ, սեղաններ, կոյկաներ և այլն։ Այստեղից մենք ելնում ենք դուրս և գնում խոզանականոցը, որ գտնվում է Ուղղիչ Տան գրասենյակի վերևը՝ երկրորդ հարկում։

Վերի հարկը բարձրանալիս՝ իմ ուշադրությունն են գրավում մի քանի կանայք, բոլորն էլ տարիքոտ։ Թեկուզ հագնված են ոչ այնքան էլ վատ, բայց նման են «գաղթական» նանեների:

— Ովքե՞ր են,— հարցնում եմ պետին:

— Կալանավոր կանայք, վերի հարկում են ապրում։

— Ինչո՞ւ են բռնված։

— Մեծ մասամբ «միջնորդության» համար։ Իսկ այն մեկը թուրք կին է՝ ամուսնու հետ միասին ձերբակալված է սահմանն անցնելու համար։

— Սալամ-ալեյքում, բաջի՛,- ժպտալով ասում եմ ես թուրք կնոջը, որի դեմքը ներքևից մինչև քիթը և վերևից մինչև աչքերը ծածկված է։

Նա արագ շրջում է երեսը և մտնում իրենց կամերան։ Քահ-քահ նրա ետևից ծիծաղում են հայ կանայք, և մենք մտնում ենք խոզանականոցը։

Խոզանականոցը բավականին ընդարձակ մի աշխատանոց է, բաղկացած երկու սենյակից։ Առույգ, ժիր՝ աշխատում են կալանավորները՝ կապույտ գոգնոցներով, և մարդ մոռանում է, որ գտնվում է Ուղղիչ Տանը, հին տերմինով ասած՝ բանտում: Խոզանականոցը Ուղղիչ Տան ամենից լավ դրված արհեստանոցն է, և նա բավականին հասույթ է