Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/293

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծխախոտ, կամ գլանակներ։ Մեկ-մեկ էլ Ողղիչ Տան խանութից գնում էի նրանց համար էժանագին քաղցրավենիներ, որ այդ քառասունն արդեն անց, համարյա պառաված նանեներին մեծ հաճույք էր պատճառում։— Այդ չնչին նվերներից առանձնապես ուրախանում էր Անուշը, որի մգլած դեմքը փայլում էր հրճվանքից։

Նայես ի՞նչ են անում հիմա նրանք՝ Մարգարիտն ու Անուշը...

ՔՐԵԱԿԱՆ ԿՈՐՊՈԻՍԸ.— ԲԱԿԸ.— ԿԱՄԵՐԱՆԵՐԸ.— ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻՑ ՍՏԱՑԱԾ ԻՄ ԱՉՔԻՆ, ԸՆԴՀԱՆՈԻՐ

        ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Երբ մենք Ուղղիչ Տան պետի հետ միասին մտանք գրասենյակ՝ դուրս եկավ, որ տեխնիկ Նիկոլաևը, որի նախագիծը մենք եկել էինք տեսնելու, ինչ-որ տեղ է գնացել։ Վերադառնալու էր մի, կամ կես ժամից հետո, ուստի ես թողի գրասենյակը և գնացի քրեական կորպուսը նայելու։ Ուղղիչ Տանը ես դեռևս ոչ մի ծանոթ չունեի, ուստի գնացի մենակ։

Գրասենյակից դուրս գալիս դեպի ձախ, հինգ քայլ հեռավորության վրա, գտնվում է քրեական կորպուսի դարբասը։ Դա փայտյա մի մեծ դուռ է, որ փակվում է այդ դռանն անհամապատասխան մի փոքրիկ կողպեքով։

Դուռը փակ էր, իսկ դռան առջև կանգնած էր մի կալանավոր՝ դռան բանալին ձեռին։ Այդ հանգամանքն առաջին հայացքից ինձ զարմացրեց. ինչպե՞ս են վստահում կորպուսի բանալին մի պատահական կալանավորի... «Գուցե և ո՞չ