Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/294

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատահական»— անցավ իմ մտքով և այդ անմեղ կալանավորը թողեց ինձ վրա մի դաժան ու անողոք Ցերբերի տպավորություն։ Հետագայում ես իմացա, որ զուր էին իմ կասկածները թե՛ այդ դարբասի, թե՛ կալանավորի մասին։ Հրեական կորպուսի այդ դարբասը ոչ մի կապ չուներ Ուղղիչ Տան ներքին հսկողական սիստեմի հետ։ Նա փակ էր պահվում միայն նրա համար, որպեսզի կալնավորներն առանց գործի գրասենյակ կամ հիվանդանոց չգնան, չխռնվեն այդ տեղերում և չխանգարեն պարապմունքներին: Իսկ այդ դռան առջև ընդհանրապես կանգնեցնում էին ամենախեղճ կալանավորներին, որովհետև նրանք այդտեղ կատարում էին հասարակ դռնապանի դեր։

— Կարելի՞ է անցնել։

Նա իսկույն բաց արեց դուռը,— կողպեքը չէր էլ կողպած, այլ միայն անցկացրած էր օղակներին,— և ես մտա քրեական կորպուսի բակը։

Դիմացս ինչ֊որ միհարկանի մի շենք էր, և ես քայլերս ուղղեցի դեպի նա։ Մի քանի քայլ գնալուց հետո թեքվեցի դեպի աջ. դուրս եկավ, որ այդտեղ Ուղղիչ Տան խոհանոցն է ու բաղանիքը։

Ինչպես ճանապարհին, այնպես էլ խոհանոցում ու բաղանիքում, որ այդ օրը չէր աշխատում, ինձ հանդիպում էին զանազան կալանավորներ՝ խումբ֊խումբ ու առանձին-առանձին։ Նրանք բոլորն էլ զննող հայացքներով ինձ էին նայում, և ինձ մի փոքր անհաճո էին այդ հայացքները։ Ես էլ նայում էի նրանց, և նրանք բոլորն էլ ինձ թվում էին փակ, իրենց մեջ քաշված, խոժոռ ու անսիրալիր մարդիկ, որոնք ինձ հետ երբեք չեն ընկերանա ու չի ստեղծվի երբեք իմ և նրանց միջև