Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հասարակ մարդկային փոխհարարերություն: Նրանց նայելով՝ ես հիշում էի Դոստոևսկու և Դորոշևիչի հերոսներին ու սիրտս ճմլվում էր մենակությունից։ «Նայես պիտի լինի՞, որ անցնեմ այս մարդկանց միջով և նրանք ինձ պարզապես բարևեն ու ժպտան—բարևեն ու ժպտան»— այս էր իմ միակ երազանքը այդ վայրկյանին, և ես բնազդաբար պատի մոտով էի գնում, որ նրանց չանհանգստացնեմ, չգրավեմ նրանց ուշադրությունը։ Ես կարո՞ղ էի իմանալ առաջին իսկ վայրկյանից, որ նրանցից շատերը, դե, բոլորն համարյա, շատ ընկերական ու հասարակ մարդիկ են, և ես մի շաբաթ անց կունենամ այստեղ շատ ընկերներ ու բարեկամներ... Իհարկե, այնպիսի ընկերներ ու բարեկամներ, ինչպիսիք մարդ ունենում է բոլոր պատահական տեղերում— գնացքներում, երբ երկար ճանապարհ է գնում, ռազմաճակատում և այլն։

Բաղանիքը փակ էր, իսկ խոհանոցում առանձին ոչինչ չկար։ Հսկայական պղինձներ, ինչպես զորանոցներում։ Խոհանոցային շապիկներ հագած մի քանի կալանավոր, որոնցից մեկը ջուր էր լցնում պղինձները, իսկ մի քանիսը պատի մոտ նստած՝ գետնախնձոր էին մաքրում։ Ահա և ամբողջը։ Ուստի ես առանց երկար սպասելու դուրս եկա այդտեղից և քայլերս ուղղեցի դեպի քրեական կորպուսը։

— Դեմը—քրեական կորպուսի բակն էր, մի ընդարձակ բակ, համարյա մի փոքրիկ դաշտ։ Բակն Ուղղիչ Տունը շրջապատող պատերից բաժանված էր փայտյա ցցերի վրա խփված երկաթալարերով, որոնց և պատերի միջև մնում էր չորս քայլաչափ