Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/298

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բան հասկացրեց։ Հետագայում ես իմացա, որ այդտեղ, ինչպես և դրա վերևը՝ երկրորդ հարկում, Ուղղիչ Տան մեկուսարաններն են, ուր մեկուսացվում են քննության տակ գտնվող կալանավորները մինչև դատի օրը։ Դատից հետո նրանք տեղափոխվում են կամերաները, կամ ազատվում։

Վերադարձա ետ ու հասա միջանցքի մյուս ծայրը. հինգ կամերա կար միայն ներքևի հարկում։ Կամերաների դռները բոլորն էլ բաց էին և ազատ ներս ու դուրս էին անում կալանավորները։ Հսկիչներ չկային։ Միակ հսկիչը նա էր, որ նստած էր մեկուսարանի առջև։

Առաջին անգամ ես մտա քրեական կորպուսի առաջին կամերան, որ գտնվում է միջանցքի ծայրում։ Այդտեղից սկսվում են աստիճանները, որոնք տանում են վերև՝ կուլտ-բաժին։

Լայն, լույս, հսկայական պատուհաններով, ընդարձակ մի սենյակ էր դա, որի մեջ, պատերի երկայնքով, դրված էին քսանի չափ փայտյա թախտեր։ Պատերը մաքուր սպիտակացրած էին, առաստաղը նույնպես։ Առաստաղի մեջտեղից բարակ երկաթալարով կախված էր մի էլեկտրական լամպ։ Հատակը, ինչպես երևում էր, նոր էին մաքրել։ Կամերան դատարկ էր։ Անկյունում միայն, անկյունի թախտի վրա երկու կալանավոր նստած՝ ինչ-որ զրույց էին անում։ Երբ ես ներս մտա՝ նրանք բարձրացան և մոտեցան ինձ։ Բարևեցին։

— Ովքե՞ր են այստեղ մնում։

— Կալանավորներ,— ժպտացին նրանք, կարծես ուզում էին ասել, որ դա ինքնին հասկանալի մի բան է, որ բացատրություն չի պահանջում։

— Բա որտե՞ղ են։