Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հրաշալիքներին։ Այդպիսով մենք կամաց-կամաց կմոտենանք քաղաքի առօրյա կենցաղին և հետզհետե մեր դեմ կելնեն հնամյա այդ քաղաքում այժմ ապրող բոլոր նշանավոր ու աննշան նայիրցիները — քաղաքի հիմիկվա բնակիչները։

Ամենամեծ նորությունը, որ նայիրյան չէ և նույնիսկ անընտել, անհասկանալի է թվացել սկզբում տեղացիների աչքին — երկաթուղագիծն է՝ ձգված ռուսների տիրապետության օրով՝ քսան տարի առաջ։ Քաղաքի բնակչության կեսից ավելին դեռ մինչև հիմա էլ հիշում է անմոռանալի այն օրը, երբ անհայտ հեռուներից մինչև այդ քաղաքը ձգված երկաթե գծերի վրայով առաջին անգամ մոտեցել է գնացքը նորակառույց կայարանին։ Եղել է— խնդուն խրախճանք, զարմանալի զարմանք։ Եղել են մարդիկ, որ զարմանքից ու հիացմունքից չեն կարողացել խոսել. առնվել է լեզուները զարմանքից ու հիացմունքից։ Շատերը հիշում են այն հետաքրքիր մանրամասնությունն անգամ, որ գնացքի շոգեկառքը զարդարված է եղել ծառերով ու ծաղիկներով։ Իսկ շոգեկառքի ճակատին, ճիշտ լապտերի վերևը, ծածանվելիս է եղել կապույտ մի դռոշակ վրան ոսկենկար երկգլխանի արծիվ: Այդպիսի՛ ահա շուքով ու ցնծությամբ է մոտեցել գնացքը քաղաքի կայարանին, որտեղ քաղաքի համարյա ամբողջ բնակչությունը հավաքված է եղել — ուրախ, տոնական զգեստներով — գնացքին դիմավորելու։ Կայարանի առաջ նվագելիս է եղել զինվորական երաժշտախումբը և նրա մոտ կանգնած դիմավորել են գնացքը մի շարք պատկառելի նայիրցիներ և բարձրաստիճան