Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/300

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անկողիններ ամենևին չկային, դրանց փոխարինում էին ճղոտած փալասներ, կամ պարզապես պարկեր։ Այնինչ, ներքևի կամերաներում, կոյկաների համարյա 3/4-ը ծածկված էր տնային անկողիններով, տնային գույնզգույն վերմակներով և սպիտակ բարձերով։ Պարզ էր՝ վերևի կամերաներում ապրում էր ավելի չքավոր բնակչություն, քան ներքևում։ Մաքրությունը նույնն էր. ինչպես միջանցքներում, այնպես էլ կամերաներում հատակների վրա չէիք տեսնի մի լուցկու, կամ գլանակի մնացորդ։

Մինչ ես զբաղված էի այգ ամենի թեթևակի ուսումնասիրությամբ՝ կամերաներից ներս ու դուրս էին անում զանազան կալանավորներ և ոտից գլուխ տնտղում ինձ իրենց կասկածոտ հայացքներով։ Սկսեցի իջնել ներքև ու մտածել ինձ հանդիպած կալանավորների մասին և աշխատել դրանց, ըստ արտաքին տպավորության, բաժանել որոշ խմբերի։ Ինչպես բակում, այնպես էլ կորպուսում ինձ հանդիպած կալանավորների մեծ մասը գյուղացիներ էին, ըստ ազգության՝ համարյա կեսը թուրք։ Ապա, ըստ քանակի, գալիս էին քաղաքաբնակ լյումպենները։ Այդպիսի տիպերի ես առաջ հաճախ հանդիպում էի Երևանի արևմտյան, զանգուամերձ ծայրամասում, այդտեղի սրճարաններում, գարեջրատներում և խանութներում։ Եթե Երևանը ունի «մութ անկյուններ» — դրանք հենց այդ ծայրամասում են գտնվում։ Առավոտները ժամը 5-ին, կամ երեկոները, մթնելուց հետո, ես հաճախ գնում էի այդ կողմերը և երկար թափառում։ Այդտեղ մութ, խորհրդավոր, կեղտոտ անկյուններ