Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Անսպասելի կերպով լրջացրեց դեմքը և ավելացրեց.

— Մինչև ձմեռ միտք ունեմ վերջացնելու։

Ու զանգը տվեց հանկարծ, կանչեց քարտուղարին.

— Կանչի՛ր անմիջապես Բենիկին։

Ու մինչ այդ, ինձ համար հանելուկային, Բենիկի գալը՝ մերթ ինձ, մերթ Նիկոլաևին նայելով՝ նա ցույց էր տալիս կապտավուն թղթի վրայի քառանկյունիները և հիացած կրկնում. — Մեր արհեստանոցներն են լինելու, է′ ․․․

Ապա բռնեց իմ ձեռքը, կարծես ես հակաճառում էի նրան, և բացագանչեց.

— Ո՛չ մի կալանավոր չպիտի անգործ մնա, հասկանո՞ւմ եք՝ ո՛չ մի կալանավոր․․․ Մաքուր, լույս, մեծ արհեստանոցներ․․․Իսկ հետո՝ մեքենայացում ենք մտցնելու, բա~ս, — մեքենաներ ենք գնելու․․․ Միայն թե չխանգարեն։

—Ո՞վ կարող է խանգարել։

— Ո՞վ գիտե,— ասաց նա կամացուկ և նրա դեմքի բաց ժպիտն անմիջապես փոխվեց խստագույն լրջության։ Առհասարակ զարմանալի բնավորություն ուներ այդ մարդը. — կատարելագույն դերասանի նման նա կարողանում էր տիրապետել իր դեմքի մկաններին։ Լիաթոք ծիծաղի ժամանակ կարող էր հանկարծ, մի ակնթարթում, լրջանալ և այս փոփոխությունը նրա դեմքի վրա երբեմն կատարվում էր այնքան անակնկալ, որ մարդ մնում էր շվարած։

Ես ուզում էի ինչ֊որ բան հարցնել, բայց այդ վայրկյանին դուռը բացվեց և ներս մտավ «Բենիկը»։