Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/313

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ուղիղ երեսիս նայելով՝ երեխայի նման լայն ժպտաց Լազգին և վազեց կորպուսը՝ մաքրության հետևելու։ Նայեցի Բենժամենին՝ նա էլ էր ժպտում երեխայի նման։ Խոսք չգտա ասելու:

Սակայն հետագայում, երբ ավելի մոտիկից ճանաչեցի նրանց և սկսեցի ավելի խոր թափանցել նրանց հոգեկան պրիմիտիվ աշխարհը — ես հասկացա, որ այդ տարօրինակ աշխարհում մարդկային լեզուն նույնքան խաբուսիկ է, որքան և դեմքը։ Նրանցից շատ-շատերը շատ ավելի լավ ու «մարդկային» մարդիկ էին, քան իրենք ցույց էին տալիս՝ «հերոս» երևալու այն պրիմիտիվ հասկացողությամբ, որ ունեին նրանցից շատերը։ Գուցե և այդ «հերոսությամբ» նրանք ուզում էին ծածկել հանցանքի ու ամոթի այն ներքին բնազդական զդացմունքը, որ հատուկ է բոլոր մարդկանց անխտիր, բայց բոլորն անխտիր, հայտնի չէ, թե ինչո՞ւ աշխատում են թաքցնել թե իրենցից և թե ուրիշներից... Հանցագործների այս յուրօրինակ գծի վրա առաջին անգամ կարծեմ, եթե չեմ սխալվում, ուշադրություն է դարձրել Ֆյոդոր Միխայլովիչ Դոստոևսկին։ Համենայն դեպս ես ինքս այս բանում ավելի քան համոզվեցի, երբ բավականին ծանոթացա ինչպես նույն այդ Լազգու, այնպես էլ շատ նմանների հետ։

...Հիշո՞ւմ ես, Լազգի՛, ինչպես մեր այն երկար գիշերներին դու «Հիրգուն կուգա» ու «Նագան» էիր երգում և պատմում ձեր գյուղի հարսանիքների, դաշտային աշխատանքների, չարի ու բարու մասին, և քո դեմքն այդ հրաշալի պահերին գունատվում էր ու հոգևոր տեսք ընդունում, ինչպես ոգևորված արտիստի դեմք։