Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/321

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Առաջ խո էս բոլորը չկա՞ր,— հենց այսպես էլ սկսում է նա, այդ զարմանալի Համոն,– դիփը մենք ենք շինե... էստեղ կամերներ էին, միջի պատը հանեցինք, մաքրեցինք՝ սկսեցինք պատերը ներկել։ Առավոտու վեցից ոտի վրա էինք։ Էլ ո՛չ հաց ուտել կար, ո՛չ չայ խմել։ Դեկարացիաները շինեցին Եֆիմն ու Բելոգոլրովը...

Լսելով իր անունը՝ Բելոգուրովն օգտվում է առիթից և մոտենում է մեզ։ Ես ևս, օգտվելով առիթից՝ հարցնում եմ.

— Դո՞ւք եք նկարել դեկորները և ներկել դահլիճը։

— Այո՛, ես և Բրավելմանը...

Բրավելմանը, որ սատանի հոտառություն ուներ և կատվի լսողություն, լսելով իր անունը՝ անմիջապես թողեց իր գործը և մոտեցավ մեզ։ Ինչպե՞ս կարող էր մի տեղ իր անունը տրվել, և նա ներկա չգտնվեր: Բացի այս՝ նա իր նուրբ հոտառությամբ երևի զգաց, որ խոսքը դահլիճում կատարված աշխատանքների շուրջն է պտտվում — և կարո՞ղ էր արդյոք չմասնակցել նա այդ զրույցին, նա, որ այնքան քրտինք է թափել այս դահլիճի համար և — երևակայո՞ւմ եք — չի ստացել փոխարենը և ո՛չ մի կոպեկ...

— Այսքան աշխատանք և ո՛չ մի կոպեկ,— ասաց Եֆիմ Բրավելմանը, տխուր, խոր հոգոց քաշելով։

— Իսկ ո՞վ է տալիս ձեզ այդ ներկերը, որոնցով դուք նկարում եք ձեր հրաշալի ձմեռային տեսարանները,— չհամբերելով՝ հարց տվի ես նրան՝ Եֆիմ Բրավելմանին։