Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/326

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կուզեք սակայն սա փաստ է համ առ, որպես բոլոր փաստերը։

Ինչ վերաբերում է Ասլան-բիձին՝ նա հետագայում պատմեց ինձ իր գործը, և ես չգիտեի՝ հեքիա՞թ է այդ, թե մեր օրերի իրականություն։ Ասլան-բիձեն ապրելիս է եղել գյուղում իր կնոջ հետ, որին սիրել է չափից ավելի, սակայն կինն ավելի է նրան սիրել, քան ինքը կնոջը։ Ես շատ եմ լսել ու կարդացել սիրային պատմություններ, թայը նման զարմանալի պատմություն ես լսում էի առաջին անգամ և դժվարությամբ էի հավատում։

—Բայց արի տես որ՝ րե՛խա չունեինք, պատմում էր Ասլան-բիձեն, ու գեղում խոսք ընկավ, որ դա ոչ թե կնկանիցս ա, այլ իբրև ինձանից... Ըստեղ դե կնիկս է՛լ համբերեց ոչ, վեր կացավ հարևան գեղը գնաց ինձ համար նոր կնիկ ճարի, թե ինչ ա՝ շանց տա գեղին, որ ոչ թե ինձանից ա էդ մեղքը, այլ իրանից... Դե ես էլ է՛լ համբերեցի ոչ, է՛լ կարացի ոչ, թե տանեմ էս անպատվութենը, փախա սարերը, դարձա ղաչաղ... Դուզ է, դարձա ղաչաղ, համա թե մարթ ասես՝ ձեռք տվամ ոչ... Տասը տարուց ավել էդպես ղաչաղություն արի, վերջն էլ բալշևիկը եկավ բռնեց, թե ղաչաղ ես, բանդիտ ես...

Ահա՛ Ասլան- բիձի համառոտ պատմությունը, որն իր պրիմիտիվ ողբերգականությամբ կարող է մրցել շեքսպիրյան բոլոր ողբերգությունների հետ։ Սակայն ինչպես ես հետագայում ուրիշներից իմացա՝ Ասլան-բիձեն մի «փոքրիկ» բան ինձանից թաքցրեց։ Դա Ասլան-բիձի համար այն «աննշան» հանգամանքն էր, որ ինքը 20 թվի Ղազախի ապստամբության ժամանակ օգնելիս է եղել