Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/333

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երևանը, այդ տափակ տների ու գորշ այգիների մոխրագույն տեսարանը արավ ինձ վրա շշմեցնող, հարբեցնող, խենթացնող տպավորություն։ նայեցի Բենժամենին՝ նա էլ էր նայում Երևանին։ Աչքերում թախիծ կար և անսահման, անսահման, ես կասեի՝ անասնական կարոտ... Մոտ երկու տարի էր, որ նստած էր նա Ուղղիչ Տանը — և երեք-չորս անգամ էր ընդամենը քաղաք գնացել։

— Ա, երանի՜ մարդ ա՛յ էն ծառը ըլեր,— ցույց տալով ինչ-որ հեռավոր մի կետ՝ ասաց կամացուկ Բենժամենը.— հի՜նչ լավ կլեր...

— Չէ՛, ծառը լավ չէր լինի, մեկ է՝ չէիր կարող տեղիցդ շարժվել։

— Է, հո ազա՜տ կլեի՝ չհանդա՛մը թե չէի շարժվի,— պատասխանեց նույն կամացուկ ձայնով Բենժամենը.— լավ ա մարդ դրսևում ծառ ըլնի, քան ըստեղ մարդ...

Մենք լուռ հեռացանք պատուհանից, և ես հետագայում միայն ինչպես հարկն է հասկացա Բենժամենի վերջին խոսքերի հավիտենական ճշմարտությունը — մի պարզ, պրիմիտիվ, ոչ միայն մարդկային, այլև կենդանական, բնախոսական ճշմարտություն, որի մասին միլիոնավոր բանաստեղծություններ կան տպված աշխարհիս բոլոր դասագրքերում։

Երբ մենք Բենժամենի հետ միասին իջնում էինք ներքևի հարկը՝ վառվռուն, կրակոտ աչքերով մեզ առաջ վազեց Լազգին.

— Հիշկե՛ք՝ լա՞վ ենք մաքրուկ,— ասաց նա և ցույց տվեց մաքուր սրբած միջանցքը։ Եվ ապա — գաղտնի, հույժ կոնֆիդենցիալ,