Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/338

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բարկացկոտ, իսկ հայացքը թաքուն ամոթանք էր արտահայտում, ինչպես բոլոր անհաջող շախմատիստներինը։

— Դուք խաղո՞ւմ եք,— դիմեց ինձ սև երիտասարդը և ցույց տվեց խաղատախտակը։

Պրեստիժի խնդիր էր։ Ես այնքան էլ ուժեղ չեմ այդ խաղում, բայց դիմացինիս ուժերն էլ դեռ լիովին անհայտ էին ինձ։ Ռիսկ արի խաղացի և — երևակայո՞ւմ եք — տարա... Բայց պետք է խոստովանել, որ... համարյա պատահմամբ։ Սխալմամբ նա իմ ձիու հարվածի տակ թողեց իր թագավորին և թագուհուն, որից հետո անձնատուր եղավ՝ իհարկե, փնթփնթալով, ինչպես դա ընդունված է նման պարագաներում։ Առաջարկեց մի անգամ ևս խաղալ։ Ռազմագիտական նկատառումներով ես, իհարկե, հրաժարվեցի և այդպիսով Ուղղիչ Տան մեջ այդ երեկո հռչակվեց իմ անունը, որպես առաջնակարգ շախմատիստի։ Ինչպես ինձ ասացին՝ մինչ այդ Ուղղիչ Տան շախմատային չեմպիոնն է եղել իմ երիտասարդ խաղընկերը։

Սակայն նա հետագայում, ինչպես և սպասում էի, հանեց ինձանից իր շախմատային ոխը և վերականգնեց Ուղղիչ Տան շախմատային չեմպիոնի իր անբիծ անունը... Երբ մենք բարձրացանք ու գնացինք դահլիճ Բենժամենն ինձ ասաց.

— Գիտե՞ս ով էր դա... էդ շախմատիստը...

– Ո՞վ։

— Դա մեր Նիկոլն է, Սուրենի հընգերը։ Հի՜նչ խելացի տղա յա... Լավ դերասանություն ա անում։