Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/343

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Դե, լա՛վ, հա՛, մի՛ կոտրտվի, մեռնի՛մ համոթիդ,— հովանավորող, հասկացող հեգնանքով պատասխանեց Մարգարիտր և բամփեց Անուշին։ Արժե այստեղ մի երկու խոսքով նկարագրել և՛ Մարգարիտին, որ ամեն ինչով Անուշի հակապատկերն էր, բայց նրա անբաժան ընկերուհին։

Հիսունին մոտիկ, բարձրահասակ, լիքը, մետաղագույն դեմքով—իսկական նայիրյան «մատրյոնա» էր Մարգարիտը, նայիրյան կես–գեղջկական, ծայրամասային «գրանդ դամա»։ Շարժուձևը հանգիստ էր, վեհ ու սոլիդ։ Մոնումենտալ կուրծք ուներ ու նստուկ, որոնցով կալանավորներին սրախոսությունների անսպառ նյութ էր մատակարարում։ Բայց կալանավորները վախում ու քաշվում էին նրանից՝ երբեք չէին համարձակվի նրա հետ այնպես ցինիկ վարվել, ինչպես հաճախ Անուշի հետ էին վարվում։ Սակայն ճշմարտության դեմ մեղանչած չլինելու համար հարկավոր է ասել, որ Անուշը պակաս բավականությամբ չէ, որ ընդունում էր կալանավորների ծայր աստիճանի գռեհիկ, ղանթարային հաճոյախոսությունները։

Վերջապես, երկար կոտրատվելուց հետո, Անուշը վեր թռավ տեղից և զույգ ձեռքերով դեմքը ծածկած, այնպես որ մատների արանքից համենայն դեպս տեսնի դահլիճը, մոտեցավ բարյերին, որ անցնի ու սկսի իր պարը։ Սակայն այն, ինչ տեղի ունեցավ դրանից հետո — վեր է ոչ միայն զարմանքից, այլև մարդկային դատողությունից։ Զարմանալի աշխարհ է կալանավորների աշխարհը և ունի իր աներևակայելի օրենքները և բարոյական զարմանալի նորմերը