Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/345

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Խաղում էին ինչ-որ անծանոթ մի պիես, որ հեղինակություն էր երկաթուղային մի բանվորի։ Թե որտեղի՞ց էին գտել պիեսը, չգիտեմ։ Երևի բերել էր կուլտ-բաժնի վարիչը, որ առաջ կայարանի բջիջի քարտուղարն էր եղել։

Պիեսի սյուժեն հետևյալն էր։ Գեներալի տղան ըմբոստանում է հոր դեմ, կապ հաստատում հեղափոխականների, երևի կոմունիստների հետ, ուզում է ռումբով պայթեցնել հոր շտաբը, չի հաջողվում, ընկնում է գերի, բայց ազատվում է կարմիրբանակայինների ձեռքով, որոնք գրավում են քաղաքը և հաստատում խորհրդային իշխանություն։ Մոտավորապես նման մի սյուժե էր, լավ չեմ հիշում, բայց էականը մեզ համար ոչ թե սյուժեն է, այլ կալանավորների խաղը և մանավանդ դահլիճի վերաբերմունքը դեպի բեմը։

Դեռ նոր էր սկսվել պիեսը, դեռ նոր էր գեներալը հարցնում իր զավակին, թե նա որտեղ է կորչում իրիկունները, երբ դահլիճը փռթկաց։ Գեներալի խոսքերում ոչ մի ծիծաղելի բան չկար. պատանի հեղափոխականի դրությունն սկսում էր ողբերգական դառնալ — էլ ի՞նչն էր ծիծաղի պատճառը...

Երևակայո՞ւմ եք՝ Անահիտը։

Հիվանդանոցում ծառայող մի կին էր Անահիտը, մոտ 25 տարեկան, կիսագրագետ, խեղճ, անհամարձակ մի կին։ Խոսելիս շփոթվում էր, կարծես սայթաքում էր։ Ձայնը կերկեր ոլ անհամարձակ։ Բոլոր ներկայացումներին նա էր տանում աղախնի դերը։ Եվ միշտ, բոլոր ներկայացումներին, ինչպիսի ողբերգական անցուդարձի