Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Ընկերությունը» — փաստ, անողոք ճշմարտություն— մերկ ճմարտություն: Այսպես է տրամաբանում ընկ. Վառոդյանը, — և նա իրավունք ունի. հարցրեք ամեն մի երեխայի, այո, նույնիսկ երեխայի, և նա անվրեպ կերպով տեղն անգամ ցույց կտա այդ «Գերկենտրոնի» , — այո. — Վարդանի կամուրջը: Այսինքն ոչ թե կամուրջը բառացի, այլ նրա դիմացը, գետափին շինված մի տնակ, որ կիսաքանդ է հիմա, ավերակ, և որի քանդվելու խորհրդավոր պատմության հետ է կապված ընկեր Վառոդյանի կռնակի պատմությունը...

Ահա՛ այդ պատմությունը, սիրելի ընթերցող։ Մի օր, այսինքն մի գիշեր, ժամը մոտավորապես երեքին, քաղաքի բոլոր տների պատուհանների ապակիները հանկարծ զրնգում են թափով, և նույն վայրկյանին լսվում է մի ահռեցուցիչ ահռելի մի պայթյուն։ Սարսափած քաղաքացիք դուրս են թափվում տներից և սկսում են դեպի դաշտը, դեպի գերեզմանոցը փախչել. կարծում են երկրաշարժ է, ժաժք՝ աստծու պատիժ։ Բայց այդ լուրը հերքվել է շուտով և տարածվել է մի ուրիշ սարսափելի կարծիք, որ պայթել է Բերդը՝ ամբողջ Բերդը մի րոպեում թռել է երկինք։ Շատերն էլ այն կարծիքին են եղել, որ պայթել է Առաքելոց եկեղեցին. ամեն ոք գիտե, որ նրա վեմ֊քարի ներքևում նայիրցի վարպետները պահած են եղել հազար փութ դինամիտ... Իսկ հայտնի պանդոկապետ Բոչկա Նիկոլայը, նա, որ հանրամատչելի դուխան է պահում Լորիս-Մելիքյան փողոցի վրա, ասել է իր հարևան Մեռելի Ենոքին, որ, երևի, պատերազմ է սկսվել, բայց իրենք չգիտեն. հասարակ մարդիկ են— ի՞նչ իմանան։