Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/350

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

առաջ, զինվորականի շինելը հագին, գլխին սպայական գլխարկ, դեղին ուսդիրներով, պրոֆիլով֊դեպի մեզ կանգնած էր գեներալի համհարզը և նայում էր հեռուն։ Կարծես ի՛սկ և իսկ ցարական սպա էր՝ իր ամբողջ կերպարանքով հարություն առած։ Խաղացողի նայվածքի և կեցվածքի մեջ այնքան շնորհք կար, որ ես հիացած էի։ Դեմքն ինձ ծանոթ թվաց, կարծես տեսել էի մի տեղ, Բայց չէի հիշում։

— Թշնամին մոտենում է մեր դիրքերին. կրա՛կ դեպի աջ, շարքո՛վ,— ասաց այդ պահուն համհարզը — և ես անմիջապես հիշեցի...

Համո՛ն էր, մեր զարմանալի Համոն, Ուղղիչ Տան կուլտ֊բաժնի անխոնջ աշխատակիցը, բուտաֆորը, դեկորատորը, երգեցիկ խմբի անդամը, որմնադիրը, թիթեղագործը։ Հետագայում, երբ երկրաշարժից հետո Լենինականի համար մեծ կարիք զգացվեց թիթեղյա վառարանների, Համոն և իր երկու ընկերը Ուղղիչ Տան արհեստանոցում մի շաբաթվա ընթացքում «շտապ կարգով» շինեցին թիթեղյա վառարաններ։

Համոն, Աբգարը, Օսը։

Կալանավորների բուռն ծափահարությունների ներքո ներկայացումը վերջացավ, և քանի որ դեռ վաղ էր՝ հայտարարվեց, որ ընդմիջումից հետո «դիվերտիսմենտ» է լինելու։

— Հը՞, ո՞նց էր. լա՞վ սատկացրին գեներալին,— ուրախացած, վառվող աչքերով հարցրեց ինձ Ուղղիչ Տան պետը։

— Շա՛տ լավ, կեցցե՛ն,— պատասխանեցի ես՝ չգիտեմ ինչու ինքս էլ անչափ ուրախացած,