Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/353

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չափազանց մեծ զգուշությամբ. ժլատ էր իր այդ «երկնային գանձը» ցրելիս, ինչպես ժլատ էր «երկրային» գանձերի վերաբերմամբ։ Լինում էր, երեկոները երբ մեր կամերան էր գալիս խնդրում էինք, որ երգի։ Երբեք չէր երգի։ Կասկածոտ աչքերը կխրեր մեր բիբերը և կասեր.

— Ի՞նչ է՝ ես մեքենա՞ եմ, որ երբ ուզենաք՝ աշխատեմ։ Ես երգում եմ միմիայն տրամադրությամբ։ Երբ տրամադրություն ունենամ։

Այսպես էր Եֆիմ Բրավելմանը։

Ուղղիչ Տան հասարակության մեջ առանձին հռչակ էին վայելում Եֆիմի «ВОЗДУХ» կոչված կուպլետները։ Եվ պետք է խոստովանել, որ նա, մանավանդ հետևյալ կուպլետը, երգում էր կատարյալ վարպետությամբ։ —

«Воздух—это живой предмет, И на неооом стоит весь свет— Да, да, да — воздух, Все слышно тут и там—воздух, Коли деньги ты нам вручишь, То обратно ты получишь— Воздух—и больше ничего...»

— Все—воздух, ты тоже воздух,— ամեն անգամ այս երգը լսելիս՝ ասում էր Ուղղիչ Տան պետը Եֆիմ Բրավելմանին, և նրա աչքերը փայլում էին մանկական անսահման բավականությամբ։

Եֆիմ Բրավելմանից հետո երգեցին ոլ արտասանեցին մի շարք ուրիշ կալանավորներ, պարեցին Լազգին ու Ղարաթալան, Երևանի հռչակավոր ծադիկ ծախողը, որ Ուղղիչ Տուն էր ընկել մեկին դանակով վիրավորելու համար, պարեցին Նիկոլե