Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/354

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ու Սուրենը։ Ուղղիչ Տան պետի համառ միջնորդությամբ վերջ ի վերջո հնարավոր եղավ կոտրել երաժիշտների վայրի ինքնասիրությունը— և, կալանավորների զվարթ ձայնակցության ներքո, 17 տարեկան աղջկա նման կոտրատվելով, պարեց և՛ Անուշը... ու երեկոն վերջացավ։

Իմ կյանքի ամենաքաղցր երեկոներից մեկն էր այդ երեկոն.— ինչպես շո՜ւտ ամեն ինչ անցնում է ու դառնում հուշ ու հիշատակ։

Да, да, да — воздух...

Ես չեմ մոռանա երբեք Ուղղիչ Տան թատրոնում անցկացրած իմ այդ առաջին երեկոն, որի աղմուկը դժժում է իմ ուղեղում ու սրտում և՛ հիմա, երբ ես գրում եմ հիշողություններս։ — Ու լեյտմոտիվի նման հիմա էլ հնչում է ականջիս Եֆիմ Բրավելմանի ձայնը, որ երգում է անընդհատ.

— Воздух...

IX. ԴԱՐՉՈՆ ՈԻ ԲԱՂԴԱՍԱՐԸ, ԿԱՄ ՄԻԵՎՆՈԻՅՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԲԵՐ ՎԱՐԻԱՆՏՆԵՐՈՎ. ՎԵՐՋՈՒՄ ՄԻ ՔԻՉ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

...Այդ օրը կիրակի էր, և առավոտվանից ինձ մոտ էր եկել իմ կինը՝ Արփենիկը...

Երեք օր էր չէի սափրվել՝ որոշեցի սափրվել:

Գիտեի, որ Ուղղիչ Տանը, բաղանիքի շենքում, կա վարսավիրանոց։ Կանչեցի հիվանդանոցային ծառայողին և խնդրեցի կանչել սափրիչին։ Հինգ րոպե անց սենյակիս դուռը բացվեց և սպիտակ գոգնոցը հագին, գլուխը բաց, ձեռին ածելի և սափրելու ա՛յլ պարագաներ՝ մտավ սափրիչը։