Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/357

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Խի՞ղճ... Տղամարթն էլ բաս խի՞ղճ կունենա... Էն էլ էդպես մուխաննաթ մարթկերանց... Դե, քույրի՛կ ջան, մարթս ի՞նչ է որ՝ հավի ճուտ, բողազիցը բռնեցիր՝ շունչը տվավ...

Եվ Դարչոն անայլայլ հանգստությամբ, հերոսաբար չխկացրեց մկրատը։ Արդեն նա վերջացրել էր իր գործը, ուստի հավաքեց գործիքները, լցրեց գոգնոցը ոԼ գնաց։ Հենց որ նա դուրս եկավ սենյակից՝ կինս փաթաթվեց վզովս և, անկեղծ սարսափը դեմքին, բացագանչեց.

— Չա՜րենց ջան, էլ չկանչես դրան՝ վիզդ կկտրի...

Խե՜ղճ Արփենիկ։ Նա չգիտեր և հետագայում ես առիթ չունեցա նրան պատմելու Դարչոյի իսկական պատմությունը։ Նա այնպես էլ չիմացավ, թե կալանավորների աշխարհում որքա՜ն խաբուսիկ բան է լեզուն, որ նրանք ևս լիովին հետևում են դիվանագետների այն բարձրագույն իմաստությանը, թե լեզուն տրված է մարդուս՝ իր իսկական մտքերն ու գործերը թաքցնելու համար։

Դարչոյի պատմությունը ո՛չ միայն կնոջս, այլև իմ վրա արավ ծայր աստիճանի ճնշող տպավորություն։ Չմոռանաք, որ ես դեռ նոր էի ընկել այդ աշխարհը, դեռ նոր էի մոտենում մարդկանց, դե նրանք էլ դեռ ինձ «ինտելիգենտի» տեղ էին դնում, այսինքն մարդու, որին կարելի է և՛ ձեռ առնել, և՛ վրան մեծ տպավորություն թողնել իրենց չկատարած սարսափելի գործերով։

Երեկոյան Բենժամենին հանդիպեյիս ես առաջին հերթին պատմեցի Դարչոյի հետ ունեցած