Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/358

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զրույցս։ Նա վերից-վար նայեց ինձ կարեկցող, հեգնախառն հայացքով ու կարճ պատասխանեց.

— Չհավատա՛ս։ Մին խոսքին էլ ա՝ չհավատաս։

— Ո՞նց թե,— հարցրի շվարած. — հո սուտ չէ՞ր ասում։

— Սո՛ւթ էր ասում՝ դեռ մին բան էլ ավելի։ Առաջինը որ՝ դա մենակ հինքը չի արել էդ գործը։

— Բա ո՞վ է արել։

— Չորս հոգով են արել, չորս հընգերով։ Հեն ա ընտեղ են դրա հընգերները՝ Բաղդասարը, Օսը, Համոն...

— Ո՞ր Բաղդասարը։

— էս մեր Ուղղիչ Տան հիմիկվա կամենդանտը։ Ներսևի կամենդանտր։ Համոն էլ է՛ն Համոն է, որ հա՛մ թիթեղագործ է, հա՛մ բեմի դեկորատորը, հա՛մ էլ դերասանություն ա անում։ Օսն էլ նրա հընգերը՝ հե՛ն ա աշխատում ա դարբնոցում, փեչ ա շինում... Գնա՛ իմացի։

Քիչ հետո կուլտ-բաժնի միջանցքում մենք հանդիպեցինք Բաղդասարին։ Հիշեցի, որ նրան տեսել եմ դպրոցում, թուրքական խմբակի դասին, ուր նա գրավեց ուշադրությունս իր աչքի ընկնող արտաքինով։

Հաղթ կազմվածքով, միջահասակից բարձր, լայնաթիկունք, բրոնզյա դեմքով մի երիտասարդ էր Բաղդասարը։ Դեմքին մշուշ կար կարծես. չնայած իր հաղթ կազմվածքին և ծայր աստիճանի համարձակ բնավորությանը՝ նայելիս շուտ-շուտ թարթում էր աչքերը, երկար չէր դիմանում հայացքի։ Խոսում էր բավական մաքուր հայերեն