Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/359

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և ռուսերեն, բայց, երևում էր, որ կրթություն չունի։ Ամեն ինչից երևում էր, որ ինտելիգենտ չէ, բայց բանվոր էլ չէր։ Քաղաքում մեծացած կատարյալ լյումպեն էր՝ աչքաբաց ու համարձակ։ Ուղղիչ Տանը, կալանավորների շրջանում, քաջ տղամարդի, համարձակ մարդու հռչակ էր վայելում, և ես հետագայում շատ առիթներ ունեցա համոզվելու, որ ինքը չափազանց գնահատում է իր այդ համարումը և ամեն ինչ կանի՝ միայն թե չզրկվի դրանից։ Ավելին՝ քաջ մարդու համարում ունենալը նրա միակ դավանանքն էր կյանքում, միակ կրեդոն և իդեե-ֆիքսը։

Բենժամենը մեզ ծանոթացրեց։ Ես պատմեցի նրան Դարչոյի պատմությունը, և նա ևս, Բենժամենի նման ժպտալով, կարճ ասաց ռուսերեն։

— Աո’ւտ է։

— Պատմեցեք խնդրեմ, եթե կարելի է... Ես շատ եմ ուզում իմանալ։

— Ինչո՛ւ չէ, եթե կամենում եք՝ խնդրեմ։

Եվ այդտեղ, կուլտ-բաժնի միջանցքում կանգնած, պարզ ու կապակցված շարահարությամբ, միանգամայն անկեղծ ու հանգիստ նա մեզ պատմեց մարդկային այդ եղերական պատմությունը, որը, ինչպես երևում էր, նրա համար անցած-գնացած պատմություն էր՝ զուրկ հուզական բովանդակությունից։

— Ես աշխատում էի տեքստիլ սինդիկատի պահեստում, հակեր էի բաց անում,— այսպես սկսեց Բաղդասարն իր պատմությունը,— բայց ինձ կրճատեցին։ Մնացի անգործ։ Մի օր էլ հանդիպեցի Դարչոյին, ծանոթացա։ Նույնպես անգործ էր. եկել էր Թիֆլիսից, գործի էր նայում։ Մի օր էլ