Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/367

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հարցաքննել, թե իրար ներկայությամբ։ Դատախազը, ինչպես հարկն է, պահանջեց հարցաքննել առանձին—առանձին, պաշտպաններն իրենց հերթին առարկեցին դրա դեմ—և դատարանը, իհարկե, որոշեց ընդունել դատախազի առաջարկը։ Հարցաքննությունը պիտի սկսվեր գլխավոր մեղադրյալից՝ խոհարարից։

— Ընկեր պարե՛տ, դուրս տարեք մնացածներին և առանձնացրեք, — կարգադրեց նախագահը, և Սուրենը դուրս տարավ նրանց։
Իսկ և իսկ՝ ինչպես «իսկական» դատարաններում…
— Սերյոժա Մարությանը դո՞ւ ես։
— Ե՛ս եմ։
— Պատմի՛ր տեսնենք, ընչի՞ են քեզ մեղադրում։
— Ես գիտե՞մ՝ ընչի։ Էսքան ժողովրդի առաջ ասում եմ, որ մի թաք հատ կարտոֆ էլա կերած չկամ…
Բայց հենց այդ ժամանակ դատախազը գնդակով տվածի նման վեր է թռչում տեղից.
— Ընկե՛ր նախագահ,—բացագանչում է նա՝ դեմքին որքան կարող է խիստ արտահայտություն

տալով.— խնդրում եմ մնացած մեղադրյալներին անմիջապես հեռացնել դահլիճից…

— Նրանք արդեն հեռացված են։
— Ո՛չ. նրանք գտնվում են դահլիճում։
Բոլորը շուռ են գալիս… «Մեկուսացված» մեղադրյալները երեքն էլ հանգիստ բազմել են վերջին կարդում։ Դահլիճում թնդում է կալանավորների զվարթ քրքիջը: Սուրենը մտահոգված դնում է նստարանների արանքով՝ անառակ մեղադրյալներին մեկուսացնելու։