Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/372

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սակայն ասել, որ այդ ոճն ընդհանուր էր, հատուկ բոլորին՝ թե՛ դատախազին, թե՛ հասարակական մեղադրողին, թե՛ պաշտպաններին։ Նույնիսկ մանտյոր— պաշտպանը, որ բոլորովին չէր տիրապետում գրական բարբառին — նա՛ էլ էր աշխատում «իսկական» պաշտպանի պես խոսել, — մի բան, որ նրանց հասկացողության մեջ զուգորդվում էր հռետորական անբնական ոճի և «գրաբար» բառերի հետ։ Այս տեսակետից կատարյալ երեխաներ էին կալանավորները։ Հարկավոր էր տեսնել, թե ի՛նչ կատաղի ճակատամարտի էին փոխվում կողմերի ռեպլիկները միանգամայն պարզ ու անվիճելի բաների շուրջը, որպեսզի միանգամայն պարզ լիներ, որ դատախազների ու պաշտպանների քղանցք հագած կալանավորները ավելի շուտ ձևով, արվեստով էին տարված, քան քննվող գործի բովանդակությամբ։ Կարծես երեխաներ էին, որ մեծերի դեր էին խաղում և ամեն ջանք գործ դնում, որպեսզի «իսկական» երևան։ Եվ սա պատճառում էր նրանց ամենախորը բավականություն…

Դատախազի ճառի ընթացքում զայրույթից եռում էր Մարությանը. վեր էր կենում, նստում, բռունցքով խփում էր կրծքին, ընդհատում, կալանավորներից օգնություն հայցում աղերսական հայացքներով։ Իսկ երբ դատախազը, ապացուցված համարելով մեղադրանքը՝ անցավ պատժի չափին

և պահանջեց չորսին էլ հեռացնել խոհանոցից և մի ամսով զրկել աշխատանքային օրերից— Մարությանի կատաղությունն իր գագաթնակետին հասավ։

— Ե՛ս ընձի կգյուլլեմ, — բացագանչեց նա՝ վեր թռչելով տեղից. — է՛ն աստված՝ փորումորս կտամ

դանակով կփրթեմ…