Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/379

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բայց դրանց բոլորի շարքում ամենից զարմանալին էլի նույն Համոն էր — այդ զարմանալի Համոն։ Հենց որ երկրորդ օրը փորեցին - վերջացրին հիմքի տեղը՝ նա ասպարեզ եկավ որմնադիրի գործիքներով և սկսեց շարել հիմքը։ Տեխնիկ Նիկոլաևն ասում էր, որ դրանից լավ դժվար թե շարի որևէ որակյալ վարպետ։ Իսկ երբ, երկու ամիս անց, պատերն ու կտուրը պատրաստ էին՝ Համոն և իր ընկերը, Օսը, սկսեցին թիթեղել կտուրը։ Դա արդեն նրանց մասնագիտությունն էր, որին նրանք տիրապետում էին ամենայն հմտությամբ։

Յուրաքանչյուր առավոտ ժամը յոթից սկսվում էր աշխատանքը, և հիվանդանոցի բակը լցվում էր աշխուժով ու եռանդով։ Գուցե այդ աշխատանքն ինձ առանձնապես հմայիչ էր թվում այն պարզ պատճառով, որ տեղի էր ունենում փակված մի վայրում, ուր մարդ այսպես թե այնպես իրեն «կես մարդ» է զգում՝ առանձնացված դրսի լայն աշխարհից, կարծես հակադրված այդ աշխարհին, որպես անհավասար պլեբե։ Հարկավոր է կալանավոր լինել հասկանալու համար այս զգացմունքը։ Արդեն այն վայրկյանին, երբ մարդ ձերբակալվում է՝ իրեն հակադրված է զգում բոլոր ազատ մարդկանց, որպես պլեբե՝ պատրիցիների... Ապա այդ աշխատանքը տեղի էր ունենում մի վայրում, որի հետ մանկութ կապված են մեր մտքում բոլորովին այլ պատկերացումներ։ Ես շատ էի կարդացել գրքերում, որ նախկին բանտերում աշխատանքը տաժանելի մի բան է եղել բանտարկյալների համար։ Այս մասին առանձնապես