Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գործով, — բայց մենք արդեն չափազանց երկարացրինք ընկ. Վառոդյանի խղճի պատմությունը. անցնենք քաղաքին։

Բացի հինգհարկանի շենքից — այդ այսպես թե այնպես — ամենակարող կենտրոնից — քաղաքում կան, այստեղ ու այնտեղ հաստատված, մի շարք ուրիշ, քիչ թե շատ նշանավոր և աննշան կենտրոններ, ինչպիսիք են՝ հիվանդանոցը, քաղաքային ակումբը, տղայոց գիմնազը, իգական գիմնազը, քաղաքային և երկու ծխական դպրոցները․ մոռացանք հաշտարար դատավորի ատյանը, բանտը և «հասարակաց տունը», որի համար խորապես խնդրում ենք ներողամիտ լինեք։ Զորանոցները քաղաքին չեն վերաբերվում. նրանք գտնվում են երկաթուղագծի այն կողմը, գերեզմանատան մոտ, այնպես որ այդ երկու «հիմնարկությունները» թողնում ենք, միանգամայն հասկանալի պատճառով, անուշադիր։ Քաղաքային հիվանդանոցն էլ, ասենք, համարյա թե քաղաքից դուրս է գտնվում. միհարկանի ցածլիկ մի տնակ է այդ, որ գտնվում է քաղաքի ծայրում, մի ցեխոտ ու նեղլիկ փողոցի անկյունը՝ ինքն էլ ցեխոտ ու խոնավ, ինչպես այդ փողոցը։ Հիվանդանոցի բժիշկ պ. Սերգե Կասպարիչը քանիցս մտադիր է եղել հիվանդանոցը տեղափոխել քաղաք, բայց, դժբախտաբար, միշտ այնպես է պատահել, որ որևէ կարևոր մի հանգամանք խանգարել է նրան։ — Կամ ինքն է հիվանդացել, կամ գավառապետի կինը, իսկ վերջին անգամ, երբ թե շենքն էր պատրաստ և թե սկսված էին բանակցություններ ինչպես շենքի տիրոջ, այնպես էլ հինգ հարկանի կենտրոնի հետ, — երբ, որտեղից-որտեղ