Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/383

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հիվանդանոցի բակը՝ ծածկված փայտի տաշեղներով — անմիջապես աչքիս առաջ են գալիս Իգիթն ու Մանիշակը՝ իրիկվա կիսախավարում քնքշորեն իրար փաթաթված, ինչպես գյուղական սիրահարներ... Երեք ամիս հետո, երբ արհեստանոցները կառուցվեցին — Մանիշակն էլ ազատվեց ու գնաց, և այսպիսով վերջացավ Իգիթի ռոմանտիկ պատմությունը։

Յուրաքանչյուր առավոտ, ժամը ուղիղ 9-ին, գալիս էր աշխատանքները տեսնելու Ուղղիչ Տան պետը, և բոլորի սիրտը լցնում եռանդով ու լավատեսությամբ։

— Դե, տղե՛րք ջան. քիչ մնաց. է՛ս ա պատերը վերջացրինք՝ երկուշաբթի օրվանից սկսելու ենք տանիքը...

Այնինչ դեռ պատերը նոր էին սկսել շարել և դժվար էր հավատալ, որ նրանք երբևիցե կբարձրանան այնքան, որ հնարավոր լինի «սկսելու տանիքը»։

Մենք, անգործ կալանավորներս, հաճախ մոտենում էինք Համոյին ու մյուսներին, որ շարում էին պատը, և ձեռ առնում նրանց,— Էսպես հույս ունենանք, որ էկող գարունքին էս մի պատը քու բոյին կլինի...

Համոն նայում էր մեզ, թևով քիթը սրբում ու ասում.

— Ձեր օգնությամբ կշինենք... էկող գարունքին չեղավ՝ էն մեկել գարունքին ձեր բոյին կլի...

Ու զվարթ շարունակում էր աշխատանքը. կոտրում էր քարերը, դարսում, հավասարեցնում ու թոկով չափում ուղղությունը։