Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/387

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Դե՛ տղե՛ք ջան, էս ա՝ վերջացրինք... Հենց որ վերջացրինք՝ լուսանկարիչ եմ կանչելու մեզ նկարի… Համո՛, քեզ հենց էդպես՝ ցեխոտ երևսով՝ էդ մեդալը դոշիդ...

«Մեդալը» նույն ցեխն էր, գաջախառն սպիտակ ցեխը, որ շքանշանի նման զարդարել էր Համոյի սատինե սև բլուզը:

Հետաքրքիր մարդ էր նա, Ողղիչ Տան պետը, և՛ իբրև բնավորություն։ Ամուսնացած էր և ուներ երեխաներ, որոնց սիրում էր չափազանց։ Երբեմն բերում էր Ուղղիչ Տուն և ծանոթացնում մեզ հետ։ Երբեմն, հանկարծ, գործի ամենատաք պահերին, կամ երեկոները, երբ գալիս էր իր առանձնասենյակում պարապելու (նա բանֆակ էր հաճախում)— կվերցներ հեռախոսի փողը և կզանգահարեր տուն.

— Վարդո՛ւշ, երեխաները քնա՞ծ են... չէ՞, կանչիր մի հեռախոսի մոտ... Դո՞ւ ես, Սպարտա՛կ...

Ու դեմքը կփայլեր ուրախությունից. մի-երկու բան կհարցներ, կասեր.

— Դե՛ բավական է, գնա քնի՛: Չէ՛, ես էսօր ուշ կգամ,— ու կկախեր հեռախոսի փողը, կարծես թարմացած՝ կշարունակեր աշխատանքը։

Երկու ամիս անց, երբ արդեն համարյա պատրաստ էին արհեստանոցները՝ նա բերեց իր երեխաներին, բարձրացրեց նոր արհեստանոցների կտուրը, տարավ ներս, ցույց տվեց ամբողջը և հաճույքից, բավականությունից փայլող դեմքով՝ ասաց իր երեխաներին.