Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/398

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ուստի չլսածի տալով ինտելիգենտների մասին արված զրպարտությունը՝ ասացի.

— Քսան րոպե ուշ հասնեին՝ Բաղդասարը փախած կլիներ...

Ասացի անկեղծ ափսոսանքով, բայց ոչ ոք չարձագանքեց։ Համառեցի, ցանկանալով ինչ գնով էլ լինի՝ կոտրել այդ անվստահության պատը։

— Նայես ի՞նչ կանեն Բաղդասարին։

Այստեղ արդեն չհամբերեց Լազգին ու դառնալով դեպի բոլորը և ոչ թե դեպի ինձ՝ ասաց.

— Բան էլ չեն կանա անեն։ Տասը տարուն- թյազադան տարի՞ պտի հավելցնեն․․․ Համ էլ Լենին ասուկ ա՝ փախչելու խամար կալանավորին պատիժ չկա։ Կալանավոր կալանավոր ա, որ փախչի, ադմինիստրացեն կանա՝ թող չթորգա․․․֊ Լենին էսպես ա ասուկ։

Չգիտեմ՝ ասե՞լ է Լենինը նման բան, թե ոչ, սակայն բնորոշ է, որ Լազգին անգամ Լենինի հեղինակությանը դիմեց՝ հռչակելու համար իր կարծիքը, որպես անհերքելի ճշմարտություն։

Բոլորը գոհ, միահամուռ ծիծաղով հավանություն տվին Լազգու խոսքին՝ միանգամայն համաձայն լինելով, որ ուրիշ բան չէր կարող ասած լինել Լենինր կալանավորների մասին։

Իսկ Բաղդասարին, փախուստի փորձ կատարելու համար, հետագայում դատարանը ենթարկեց երկու տարվա ազատազրկման, սակայն, քանի որ առանց այդ էլ նա արդեն ուներ ամբողջ տասը տարի դատարանի այդ որոշումը փաստորեն ուներ միմիայն ձևական նշանակություն։

Այդպես էլ չհաջողվեց Բաղդասարի փախուստը, որ Ուղղիչ Տան անարկած կյանքի միապաղաղ