Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/402

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վատնումը՝ հանցանքի ամենաստոր, «տղամարդու» համար անվայել տեսակն էր նրանց աչքին, և նրանք երբեք չէին թաքցնում իրենց այս տեսակետը։ Ինտելիգենտ-վատնողները նրանց աչքին թուլամորթ աղաներ էին, իրենց խոսքով ասած՝ «պարոններ»․ որոնք գողության ոչ թե բացարձակ, անմիջական, այլ գծուծ, տմարդի, ո′չ տղամարդավայել ձևով ձգտելիս են եղել քաղքենական «պուդրայի» ու ճաշարանային «ընթրիքի» բարեկեցության։ Վատնումը, յուրացումը նրանք համարում էին գողության մի ձև, որ զուրկ է ռիսկից ու քաջությունից—ահա՛ թե ինչու նույնիսկ մանր֊մունր գրպանահատները. ղանթարում գյուղացու գրպաններից կոպեկներ թռցնող ռեցիդիվիստները ինտելիգենտ֊վատնողների վրա նայում էին վերից֊վար՝ խոր արհամարհանքով ու զզվանքով...

Եվ ահա թե ինչու′ Միսաքի վերոհիշյալ ֆրազը հաշվապահի հասցեին՝ շուտով կալանավորների մասսայի աչքին դասական ֆորմուլ դարձավ՝ արտահայտելու համար իրենց ծայրահեղ արհամարհանքն ու զզվանքը դեպի բոլոր «ինտելիգենտ» կալանավորները։

«Ափսո~ս էն երեք տարին, որ ձեզ են տվել»—այսինքն դուք այնքա′ն եք ողորմելի, որ անգամ արժանի չեք կալանավորվելու բարձր պատվին. կալանավորական մասսայի՝ դեպի ինտելիգենտ-կալանավորներն ունեցած բարոյական գնահատության ավելի ճշմարիտ ֆորմուլ․ դժվար էր հնարել։

Կալանավորական վարի խավի դեպի ինտելիգենտներն ունեցած այս ծայր աստիճանի բացասական վերաբերմունքը Ուղղիչ Տան պատերում