Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/403

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ավելի ևս խորանում էր նրանով, որ միանգամայն ա′յլ էր կալանավորական այս երկու խավերի կենցաղը, ա′յլ էին և նրանց շահերը Ուղղիչ Տան պայմաններում։ Ինտելիգենտ-կալանավորները համարյա առանց բացառության դրսից ճաշ էին ստանում, բոլորն էլ համարյա ունեին լավ, մաքուր անկողիններ, ստանում էին սպիտակեղեն և այլն: Բացի այս՝ դրանցից շատերն աշխատում էին գրասենյակում, կուլտ-բաժնում և բանվորական սեղանում, որի միջոցով, իհարկե, ձեռք էին բերում վարչության վստահությունը և լիովին օգտվում այդ վստահությունից՝ քաղաք գնալու և ա′յլ արտոնությունների խնդրում։ Այնինչ կալանավորական մասսան ճնշող մեծամասնությամբ ապրում էր բացառապես կալանավորական պարենով. շատերն անկողիններ չունեին. նրանց 80%-ը թեկուզ աշխատում էր արհեստանոցներում, սակայն, իհարկե, այդ աշխատանքները չէին կարող ստեղծել նրանց համար թեկուզ հենց քաղաք գնալու այն դյուրությունները, որ ունեին գրասենյակում և բանսեղանում աշխատողներր։ Ուղղիչ Տան պարենը, իհարկե, լիովին բավական էր կշտանալու համար (օրական 2 1/2 ֆ. հաց, ցերեկը մի տեսակ ճաշ՝ շաբաթը երեք անգամ մսեղեն, առավոտ-երեկո թեյ, որի համար տրվում էր շաքար)—սակայն, իհարկե, այնքան էլ հաճելի տպավորություն չէր կարող թողնել այդ պարենով ապրող կալանավորի վրա միևնույն կամերայում, իր կողքին տնից ստացած ճաշով ապրող կալանավորը։ Միևնույնը՝ քաղաք գնալու խնդրում։ Կարելի է ասել, որ այս հարցը բոլոր կալանավորների համար ամենակենսական