Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/405

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գնալու խնդիրքով։ Բոլորին միանգամից, իհարկե, չէր կարելի թողնել։ Կային կալանավորներ, որոնց ամենևին չէր կարող թողնել։ Շատերն իրենց քաղաք գնալու անհրաժեշտությունը պատճառաբանում էին ըստ երևույթին այնպիսի հնարովի բաներով, որ ծիծաղելի էին իրենց միամտությամբ.— սրանց էլ, իհարկե, չէր կարելի թողնել։ Պետը մեծ վարպետ էի կալանավորների հոգեբանությունը հասկանալու գործում, ուստի 20 խնդրողից հնգին հազիվ էր հաջողվում գնալ քաղաք։ Կար և վստահության խնդիր։ Ի՞նչ իմանաս՝ չի՞ փախչի և խայտառակություններ չի՞ անի արդյոք այս կամ այն կալանավորը, որոնց բոլորի համար վերջին հաշվով պատասխանատու էր ինքը պետը՝. Բոլորին իր հինգ մատի նման նա հո չէ՞ր կարող ճանաչել և վերաբերվել լիակատար վստահությամբ։ Այնինչ ինտելիգենտ կալանավորներից շատերը, որ քաղաքում ունեին բազմաթիվ ծանոթություններ, աշխատում էին գրասենյակում և այլուր — իհարկե, ավելի հաճախ էին հաջողացնում քաղաք գնալ, և այս հանգամանքը շարժում էր կալանավորական մասսայի նախանձն ու ատելությունը։ Ինչպես դրսում նրանք այս մասսայի աչքին եղել են, երևացել ու թվացել են առանձնաշնորհյալ մարդիկ — այնպես էլ նրանք, շարունակում էին թվալ Ուղղիչ Տան պատերում, և կալանավորների մասսան առիթ չէր փախցնում արտահայտելու նրանց հանդեպ իր խուլ, բնազդական դժգոհությունը։ Այս բանը լիովին հասկանալու համար չպետք է մոռանալ, որ Ուղղիչ Տունն իր բնակչության կողմից միշտ ի նկատի է առնվում որպես բոլոր այդտեղ ընկնողներին