Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/406

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

միանգամայն հավասարեցնող հիմնարկ, ուր չպետք է լինեն ոչ մի տեսակի առանձնաշնորհումներ։ Եթե դրանք եղել են դրսոոում՝ ապա տեղ չպետք է ունենան այստեղ, ուր բոլորն էլ հավասարեցված են հավասար իրավազրկությամբ։ Այս բանը կալանավորական մասսան շատ լավ էր հասկանում և հաճախ արտահայտում էր բացարձակ։ Կալանավորների ընդհանուր ժողովներում միշտ խոսք էր լինում այս մասին և չնայած Ուղղիչ Տան վարչության ու կուլտ-կոմիսիայի ջանքերին՝ ամեն կերպ վերացնել այս դժգոհությունը,— դժգոհությունը մնում էր, կար և խորն էր, որպես դրսի աշխարհից բերված խոր, դարավոր սոցիալական բնազդ, որը լիովին կարելի է վերացնել միմիայն դասակարգերի լիակատար վերացումով...

Մի բան Էլ կար սակայն, որ բացի վերոհիշյալ պատճառները՝ լարում էր կալանավորական մասսան ինտելիգենտների դեմ։ Դա այն էր, որ նրանք գրասենյակը կամ բանվորական սեղանը ծառայության մտնելով՝ միանգամայն կարծես մոռանում էին իրենց կալանավոր լինելը և շատ անգամ ավելի չինովնիկական վերաբերմունք էին ցույց տալիս դեպի կալանավորները, քան վարչության բոլոր ներկայացուցիչները՝ միասին վերցրած։ Այստիպի ամենացայտուն ներկայացուցիչն էր վերոհիշյալ հաշվապահը, որը կալանավորների «դասակարգային» ատելության խորհրդանիշն էր դարձել: Վարչությունը նրան վաղուց հանած կլիներ, եթե փոխարինող ճարվեր։ Երբ այդպիսին ճարվեց՝ նրան անմիջապես հանեցին, սակայն կալանավորները դեռ երկար հիշում էին նրան իրենց... ուշունցներում: