Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/408

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իր զրույցը։ Հռհռում էին, բարձրաձայն նկատողություններ անում, սրախոսում, սուր փռթկացնում, ոտքերը քսում հատակին։ Այնպես որ վերջ ի վերջո ստիպված եղավ ինքն է՛լ ծիծաղել ու հեռանալ ամբիոնից՝ կալանավորների հեգնական «բուռն ծափահարությունների» ու ծիծաղի ներքո։ Վերջն էլ անունը դրին «մեղվաբույծ», որ արտասանում էին մի փոքր աղավաղած, և բավականին անպատշաճ բան էր ստացվում… Անունը կնքողը, իհարկե, Միսաքն էր, և այդ անունն այնպես կպավ խեղճին, որ նրա ազատվելուց հետո էլ դեռ երկար հիշում էին նրան այդ չարաբաստիկ անունով։

Իսկ կալանավորական «վարի խավի» դեպի ինտելիգենտներն ունեցած այդ անվստահության «փիլիսոփայությունը» մի անգամ տվեց ինձ Բաղդասարը, երբ ես արդեն ապրում էի ութերորդ կամերայում։
— Ինքնե՛րդ հասկացեք, — ասում էր նա ինձ (ի միջի այլոց՝ նա մինչև վերջն էլ ինձ հետ «դուք»-ով էր խոսում, չնայած որ մեր առաջին— երկրորդ հանդիպումից ես արդեն անցել էի «դու»֊ի)—ինքնե՛րդ պատկերացրեք՝ ես ո՞նց կարող եմ ձեզ հետ ընկեր լինել, ընկերանալ ձեզ հետ, կամ Բենժամենի հետ, երբ դուք ինձ հետ հավասար կալանավոր երբե՛ք չեք կարող լինել։ Ես ապրում եմ բացառապես Ուղղիչ Տան տվածով, իսկ դուք ամեն ինչ ստանում եք դրսից: Ես կարող եմ կռվել մեկի հետ և մեկուսարան ընկնել, իսկ դուք էդ բանը երբեք չեք անի։ Իմ հույսը միայն իմ վրա է, իսկ ձեր, Բենժամենի,