Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/411

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Դրանցից բացի՝ կորպուսում մնում են նաև քննության տակ գտնվողները, որոնք պահվում են առանձին կամերաներում, մեկուսարաններում և նույնիսկ բակ դուրս գալու իրավունքից օգտվում են օրական երեք անգամ՝ յուրաքանչյուր անգամ կեսից—մեկ ժամով։ Դրանք էլ շուտով ելնում են բակ, և կամերաներում ու միջանցքներում մնում են միայն մաքրողները, որոնց գլխին անմիջապես կանգնում է Լազգին՝ սանիտարական սեկցիայի փոխնախագահը։ Ավլում են, մաքրում կամերաներն ու միջանցքները, Լազգին տեղից—տեղ է վազում և հրամաններ արձակում։ Աչքերը պսպղում են եռանդից, իսկ ձեռին ֆոկուսնիկի նման խաղացնում է մի բարակ փայտիկ, որպեսզի ազդեցիկ երևա։ Իսկ բակում, բաղանիքում, խոհանոցում և այլուր մաքրություն է հաստատում Ուղղիչ Տան պարետը, նույնպես կալանավոր։ Մի ժամանակ պարետ էր Բաղդասարը, իսկ հետո նրան փոխարինեց մի լենինականցի կալանավոր, —բարձրահասակ, թիկնեղ, աժդահա մի երիտասարդ, որ իր պարտականությունները կատարելիս թողնում էր տնային գնդապետի տպավորություն։ Նա մեր Ուղղիչ Տունն էր ընկել այն մոտ հիսուն կալանավորների հետ, որոնք երկրաշարժից. հետո մեզ մոտ տեղափոխվեցին Լենինականից։ Նրանց հետ միասին մեզ մոտ տեղափոխվեց և՚ նրանց պետը, որ նշանակվեց մեր պետին օգնական։ Դրանց տեղափոխումը զուգադիպեց հենց այն ժամանակամիջոցին, երբ Բաղդասարի փախուստից հետո մեզանում պարետային տագնապ էր առաջացել չգիտեինք՝ ո՞ւմ նշանակել։ Եվ ահա լենինականցի օգնականն առաջարկեց իր թեկնածուին,