Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/413

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հետո պետը գնում է հին արհեստանոցները՝ հյուսնոցը, դարբնոցը, խոզանականոցը, ոսկերչանոցը։ Ամենուր եռում է աշխատանքը, ամենուր նա մտցնում է եռանդ ու ոգևորություն։ Արհեստանոցներից նա բակով մտնում է կորպուսը, ուր նրան դեմ է վազում Լազգին։

— Հընգե՛ր պետ, հիշկա լա՞վ ենք մաքրուկ…
— Լավ չէ՛,— ասում է պետը՝ շեշտակի նայելով Լազգուն. երևում է, որ ծիծաղը գալիս է, բայց զսպում է իրեն։
— Դե ասա՝ Լազգին գլուխ տա քարին՝ մեռնի,— վիրավորված պատասխանում է Լազգին և ձև է անում, իբր թողնում է հեռանա, սակայն տեսնելով պետի աչքերում թաքնված ժպիտը հարձակողականի է դիմում.
— Հըեչի՞ լավ չէ…
— Պատերը մաքուր չեն. ա՛յ, տե՛ս։
Պետը ցույց է տալիս պատի վերի մասը, որը իրոք չափազանց փոշոտ է, տեղ—տեղ՝ կեղտոտ։ Լազգին մի վայրկյան շփոթվում է, չի իմանում՝ ինչ պատասխանի, բայց հանկարծ գտնում է և ուրախ բացագանչում.
— Ընտեղ ձեռ չի խասնի…

Երևում է, որ ինքն էլ բավարար չի համարում իր փաստարկումը, բայց ցույց չի տալիս. ո՞վ գիտե՝ գուցե և անցնի։

— Չի խասնի՝ նարդվան դրեք,— ասում է պետը կեղծ—բարկացած։
— Էդ մեկ ճիշտ ասիր, — անձնատուր է լինում Լազգին, և պետը ազատություն է տալիս իր զսպած ծիծաղին։ Անցնում է կատակի.
— Լազգի արի քեզ տանք Անուշին։