Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/415

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երրորդ, չորրորդ անգամն են այստեղ ընկնում։ Սրանք անմիջապես շրջապատում են պետին և թափում նրա գլխին իրենց անսպառ հարցերի անսպառ տարափը.

— Մեր գործը ե՞րբ ա լսվելու…
— Դատախազը ե՞րբ ա գալու,— և այլն, և այլն, և այլն — նման անթիվ հարցեր։
Սակայն պետը չի դարձնում սրանց վրա ոչ մի ուշադրություն և մոտենում է նոր բերված կալանավորներին։
— Դու ինչի՞ համար ես, խուլիգանությա՞ն,— հարցնում է նա մի երիտասարդի, որ ձեռքերը գրպանները դրած՝ անտարբեր նայում է նրան։ — Կալանավորը ժպտում է։
— Դու է՛լ, դու է՛լ, դու է՛լ,—խփում է պետը ցուցամատով մի քանիսի կրծքին։— Բոլորը լուռ են։ —
Պետը ճիշտ է գուշակել։
— Իսկ դու անպատճառ կնիկ բռնաբարած կլինես,— մոտենում է նա հանկարծ մի աժդահա, մոտ քառասուն տարեկան գյուղացու, որ վախեցած նայելով պետին՝ քորում է իր կուրծքը:
— Դե ջահելութեն էր—պատահավ…
Պետը հեգնական նայում է նրան, հայացքով վերից—վար չափում աժդահա հասակը.
— Լա՜վ ջահել ես… Քառասուն կա՞ս։
—  Էդքան եմ։
— Ո՛նց էղավ։
Գյուղացին ամոթխած երեսը շուռ է տալիս՝ ամաչում է իբրև։
— Անպատճառ հարևանիդ կնիկը կլեր,— շարունակում է պետը: