Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/419

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Այսօր ոչ֊ոք քաղաք չի գնա,— կտրուկ ասում է նա.— իզուր տեղը մի՛ք սպասի։

Սակայն կալանավորները շատ լավ գիտեն, իրենց ամենօրյա փորձից, որ պետն այդ ասում է այնպես, վախեցնելու համար, որպեսզի չնչին պատճառաբանություններով չանհանգստացնեն։ Ու մեկը մյուսի ետևից անվստահ մտնում են պետի առանձնասենյակը:
— Դու ինչո՞ւ համար ես ուզում քաղաք գնալ։
— Բլուզս ճղվել է՝ բլուզ գնեմ…
— Հսկիչին կտաս՝ կգնի։ Դո՞ւ։
— Երեխես հիվանդացել է, գնամ տեսնեմ…
Պետը փորձող աչքերով նայում է կալանավորին… սա քաշ է գցում գլոլխը:
— Քանի՞ տարեկան է։
— Հինգ…
— Վաղը կգնաս, — ասում է պետը կտրուկ, և երբ կալանավորը պատասխանում է.
— Լավ, դու գիտես,— ու գնում է դուրս՝ պետը դառնում է հաջորդ, կալանավորին.
— Հը՛, դո՞ւ էլ նրա պես խաբելու ես էկե…
Կալանավորը լուռ է։ Դեմքին ո՛չ ժպիտ կա, ո՛չ հերքումի արտահայտություն:
— Տուր տեսնեմ թուղթդ,— ասում է պետը։ Կալանավորը լուռ տալիս է թուղթը։ Պետը կարպում է, բարձրացնում գլուխը և նայում կալանավորին։
— Ասում ես տունը հաց չկա... է, որ գնացիր՝ որտեղի՞ց պիտի ճարես։— Գողությո՞ւն պիտի անես…