Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/421

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թուրքական կամ ռուսական խումբը։ Բելոգուրովը և Եֆիմ Բրավելմանը պատկերներ են նկարում: Ընթերցարանում թերթ են կարդում գործի չգնացած կալանավորները։ Ասլան-բիձեն ընթերցարանի սեղանի վրա կռացած՝ ինչ որ բան է գրում, իսկ բողոքական տերտերը, որ միևնույն ժամանակ կուլտ-բաժնի ցրիչն է՝ դռան մոտ նստած կարդում է Բենիկ վարդապետի եկեղեցական պամֆլետները։

Ես մոտենում եմ նրան։

— Դու հավատո՞ւմ ես աստծուն,— հարցնում եմ շեշտակի։

— Այո՛, կհավատամ։ Ես անիկա շա՜տ կսիրեմ։

— Անիկա ո՞ւր կբնակի,— հարցնում եմ ես։

— Կխնդրեմ՝ մի՛ հեգնեք։ Ես այդպես կհավատամ...

— Քանի՞ տարեկան ես։

— Քսաներեք։

Ասում է քսաներեք, սակայն քառասունի տեսք ունի։ Դեղին, լայն, հիվանդոտ դեմք. սև քահանայական մորուք. սև մազեր։ Ձայնը բարակ է, համարյա կանացի. կատարյալ դեգեներատ է՝ ողորմելի ու խեղճ։

— Ի՞նչ էիր անում դրսևում։

— Ամերիկյան որբանոցին մեջ էի. որբ էի. հետո գյուղերը ավետարան կտարածեի, աստուծո խոսքը կքարոզեի...

— Ինչպե՞ս ես հավանում Բենիկ վարդապետի գրությունները։

— Ես անոնք շա՜տ կսիրեմ։ Միշտ կկարդամ, Եկեղեցականներու շնականությունը կգրե...