Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/428

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Ամունիստը» կալանավորների կենտրոնական իդեան էր, անսպառ երազանքների աղբյուրը, արթմնի զառանցանքը, իդեե-ֆիքսը։ Հիշում եմ այսպիսի մի բավականին ծիծաղելի դեպք։—

Արտասահմանից եկած մի ծանոթ գրագիտուհի՝ իր ինժեներ բարեկամի հետ մի անգամ ինձ այցելության էին եկել։ Ես նրանց ցույց տվի Ուղղիչ Տունը. խոհանոցը, բաղանիքը, կամերաները, կուլտ-բաժինը, արհեստանոցները։ Կալանավորները հետևում էին նրանց հարգանքով ու ակնածանքով, իսկ երբ նրանք գնացին՝ Լազգին մոտեցավ ինձ և կամացուկ, խորհրդավոր հարցրեց.

— Հուսկի՞ց ին, ֆրյանկցուզա երկրե՞ն։

— Հա՛, Լազգի՛. ֆրյանկցուզա երկրեն։

— Ի՞նչ կասին՝ ամունիստ կա՞...

Եվ նույն հարցը տվին, բացի Լազգուց, այդ օրը շատերը։


«Լի» օրերին, այսինքն երբ ներկալացում-բան չկա, կուլտ-բաժինը բաց է լինում մինչև երեկոյան իննը։ Մինչև այդ ժամը կարելի է գնալ թերթ կարդալ ընթերցարանում, գրքեր փոխել և այլն։ Աշխատում է և իրավաբանական բյուրոն, որ կալանավորների համար խնդիրքներ է գրում զանազան հիմնարկների և ընդհանրապես ցույց է տալիս նրանց իրավաբանական օգնություն։ Դահլիճում տեղի են ունենում փորձեր, դպրոցում պարապում է հերթական խմբակը։ Աշխատում է նաև գեղարվեստական սեկցիայի արտադրական արհեստանոցը, որ գտնվում էր կուլտ-բաժնի գրասենյակում։