Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/431

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ի՛հ, ընկեր Չարյանց, ի՞նչ պտի մտածեմ,— ասում էր նա՝ առանց կանգ առնելու. մի ամունիստ էլ չեղավ՝ էթայինք մեր գործին...

— Կլինի՛, մի վախի. գալող նոյեմբերին կազատվենք։

— Հո՞ւրա, է, չեկա՛վ, էդ անտերը,— պատասխանում էր նա սրտնեղած ու շարունակում քայլել ետ ու առաջ, ետ ու առաջ, անվերջ, անհանգիստ՝ մինչև քունը տաներ և գնար քնելու...

Չնայած իր այդ ներքին անհանգստության՝ արտաքուստ խիստ հանգիստ տղա էր Խաչիկը, ինչպես և նրա ընկերները՝ Սուրենն ու նիկոլը։ Ես գիտեի, որ նրանք դատապարտված են բանդիտիզմի համար, բայց գործի մանրամասնությունը լավ չէի իմանում։ Մի անգամ երեկոյան, երբ Խաչիկը անհանգիստ ման էր գալիս անհանգիստ կորպուսի միջանցքում՝ ես, ըստ սովորության, մոտեցա նրան ու հարցրի.

— Հը՛, Խաչի՛կ, էլի մա՞ն ես գալիս։

— Բյա հի՞նչ անեմ. ամունիստ էլ չեղավ էթայինք մեր գործին...

Եվ հանկարծ, անսպասելի կերպով կանգնեց, նայեց ինձ շեշտակի և հարցրեց.

— Գալ տարի մե՞ծ ամունիստ կլի:

— Այո՛, Խաչիկ, շա՜տ մեծ. կարծում եմ, որ անպայման կազատվես։

Նա նայեց, ժպտաց և կասկածանքով ասաց.

— Վախում եմ մեզ չազատեն... էրկու ամունիստ էղավ մեզ վրա չտարածեցին...

— Ինչո՞ւ Խաչի՛կ։