Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/440

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թեկուզ բոլորն էլ համոզված էին, որ եթե ամբողջ Ուղղիչ Տանը կա մեկը, որ ամենից շուտ կարող է փախչել — դա հենց Եֆիմ Բրավելմանն էր սակայն, քաղաքավարությունից դրդված, չէին արտահայտում իրենց կարծիքը: Վերապահ հայացքով միայն կարծես հասկացնում էին.

— Ո՞վ իմանա, կարող ես և փախչել...

Երբ նա ինձ էլ դիմեց իր վերոհիշյալ հարցով — ես չթաքցրի իմ կարծիքը.

Նա խայթվածի նման ձեռքը կրծքին տարավ, աչքերը թույն արձակեցին, մի վայրկյան մտածեց երևի գտնելու համար մի այնպիսի փաստարկում, որ միանգամայն հողին հավասարեցնի մեր գծուծ կասկածները,— և ասաց.

— Ասացե՛ք խնդրեմ... Իմ մի ֆունտ շաքա՛րն է այստեղ, հասկանո՞ւմ եք՝ մի ամբողջ ֆունտ շաքարը — իսկ ես պիտի փախչեմ...

Ու թունոտ, ոչնչացնող մի հայացք խրելով իմ սիրտը՝ Եֆիմ Բրավելմանն արագ հեռացավ։

իբրև այդ օրվա հետաքրքիր տպավորություններից մեկը՝ չեմ մոռանա նախ Խուժան-Խաչոյին։ Դա մի կիսագյուղացի ռեցիդիվիստ-կալանավոր էր, երիտասարդ, բարձրահասակ, սև գանգուր մազեր ուներ, որ միշտ սանրում էր խնամքով. նրա միակ հարստությունը հենց այդ մազերն էին, և նա ջանք չէր խնայում դրանց խնամելու։ Այդ սև, պսպղուն մազերը նրա կեղտոտ գլխի ու հագուստների կողքին թողնում էին տարօրինակ տպավորություն. կարծես վարսավիրից գնած բեմական մազեր էին թյուրիմացաբար դրված այդ կեղտոտ, ճղոտած