Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/441

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շորերով ռեցիդիվիստի գլխին։ «Խուժան» անունը վաստակել էր Ուղղիչ Տանը կատարած բազում չարությունների համար. կռվում էր նորեկների հետ, հետները դրամ խաղում և այլն։ Սակայն նրա արարքները ոչ լուրջ բնույթ էին կրում. երազանքն էր՝ դուրս գալ Ուղղիչ Տնից և իրենց գյուղը գնալ՝ երկրագործությամբ պարապելու։

Պետը նրան ևս թույլատրել էր գնալ, բայց նա չէր գնում, որովհետև... շորերը ճղոտած էին։ Ինչպե՞ս կարելի էր տոնական երթին մասնակցել ճղոտած շորերով։ Բայց մեծ ցանկություն ուներ գնալու՝ երևում էր բորբոքված, փայլող աչքերից:

Վերջապես բացվեցին Ուղղիչ Տան դարբասները, դրոշակակիրն առաջ անցավ, և մնացող կալանավորների ուռռաների, աղաղակների և նախանձոտ հայացքների ներքո կալանավորների երթը դուրս եկավ դարբասներից։ Առջևից գնում էր դրոշակակիրր, նրան հետևում էին Ուղղիչ Տան ծառայողներն ու կալանավոր կանայք, հետո մնացած կալանավորները։ Արդեն բոլորն էլ համարյա անցել էին դարբասներից։ երբ հանկարծ հևիհև հասավ նրանց... Խուժան-Խաչոն։ Նայեմ՝ նոր բլուզ է հագել, նոր շալվար։ Գլխարկ չէր գտել, սակայն նոր թրջած ու սանրած մազերը փայլում էին մի այնպիսի կատաղի փայլով, որ հազար գլխարկ արժեր...

Երկու Ժամ հետո բոլորն էլ կարգով-կանոնով վերադարձան քաղաքից և ոգևորված պատմում էին քաղաքի խուռն բազմության, երաժշտության և դրոշակների մասին։ Առանձնապես գոհ էին, որ բոլորն ուշադրություն էին դարձրել իրենց երթին. հանաքով ասում էին, որ իրենց թողած տպավորությունը նման է եղել «ֆուրորի»...