Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ստանալուց հետո աշակերտները գնում են տուն և միայն հյուրերն ու ուսուցիչներն են մնում ընթրիքի — ովքե՞ր են բացակայում միշտ՝ ելնում են սեղանի վրայից ու քչփչալով շրջում մութ դասարաններում․— տեսչի կին Օլգա ՎասիլևնանՇիկահեր Դդումը (ինչպես անվանում էին նրան աշակերտները) և Օսեփ Նարիմանովը — մեկ,— և հետո՝ Ալյոշա Նիկիտիչը՝ մերթ օրիորդաց գիմնազի վարժուհի Վառյա-հոգյակի հետ թևանցուկ, մերթ էլ՝ թվաբանության ուսուցիչ Բարսեղ Աբգարիչի կնոջ — «Ճուտ»-ի իրանը գրկած։ Այս ամենն իր սեփական աչքերով տեսել է հինգերորդ դասարանի աշակերտ Վարդանյան Սերգուշը և պատմել է ընկերներին ամենայն մանրամասնությամբ։ Իսկ նման դեպքերից մի շաբաթ անց սովորաբար ռեալական դպրոցի և օրիորդաց գիմնազի արտաքնոցների պատերին լույս են տեսնում վերոհիշյալ անցքերին վերաբերյալ բավականին հետաքրքիր հանգավոր և անհանգ գրություններ, որոնք շատ շուտով տարածվում և բերանից-բերան են անցնում ո՛չ միայն հիշյալ դպրոցների պատերում, այլ այդ պատերից բավականին հեռու գտնվող շատ և շատ ընտանեկան հարկերի ներքո, նույնիսկ Տելեֆոն Սեթոյի սրճարանում։ Եվ արդյոք նրանք չե՞ն մեղավոր (Գեներալ Ալոշը և Օսեփ Նարիմանովը), որ մինչև օրս էլ «պսակի չարժանացած» ծխական դպրոցի ուսուցչուհի օր․ Սաթոն ունի ընդամենը հինգդասյան կրթություն և որպես ոչ միջնակարգավարտ ստանում է պակաս ռոճիկ․— նրանք են, նրանք են միշտ՝ Գեներալ Ալոշը և Օսեփ Նարիմանովը։— Հետաքրքիր քաղաք է նայիրյան այդ քաղաքը և բազում խորհրդավոր ու հետաքրքիր դեմքեր ու պատմություններ ունի․․․