Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/451

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեքենայով։ Աչքերը մանր ու անարտահայտիչ, հայացքն իր մեջ քաշած, փակ, ինչպես բանալին կորած կողպեք։ Մտերիմ ձայն ուներ ու խոսում էր կամացուկ, բայց տարօրինակ շտապ՝ բառերի վերջավորությունները կլաներով։ Ասում էր նախադասությունն արագ — ու հանկարծ, անսպասելի՝ կտրում։ Խոսելիս սովորություն չուներ երեսիդ նայելու. խոսում էր մի կողմ, կարծես երրորդ անձնավորության հետ էր խոսում։ Լռակյաց էր. անլսելի քայլվածք ուներ. քարերի վրայով էլ քայլելիս լիներ կարծես քայլում է խալիչայի վրայով։ «Երևի մեծ դիվանագետ կէիներ, կամ մեծ ինկվիզիտոր, եթե ապրեր միջին դարերում ու այլ պարագաներում» — մտածում էի ես միշտ՝ Միխոյին նայելիս։

Գլխակախ, լուռ, ինքն իր մեջ խորասուզված՝ անլսելի քայլերով երեկոները քայլում էր Միխոն միջանցքում ու քաշում էր թազբեհը։ Կամ մեկի կոյկային նստած՝ գաղտնի զրուցում։ Մոտենայիր— անպայման կընդհատեր զրույցը ինչի մասին էլ խոսելիս լիներ։ Նստելու ձևն անգամ յուրօրինակ էր. նստում էր կոյկայի, կամ նստարանի եզերքին՝ չոր, ցից՝ կարծես հենց այնպես, մի վայրկյանքով է նստել—այս րոպեիս կբարձրանա ու կգնա։ Խորը հետք են թողնում մարդկանց ամեն ինչի վրա արհեստները, դրա ամենալավ ապացույցն էր — այդ զարմանալի Միխոն։
Նույն գործով դատապարտված՝ ապրում էր մեր կամերայում և մի երիտասարդ Կարո անունով։ Բայց սա, ինչպես երևում էր, պատահական մարդ էր այդ ասպարեզում։ Թառի մեծ սեր ուներ և երազանքն էր՝ նվազել սովորել և դառնալ թառիստ։ Մի փոքրիկ թառ ուներ, որով և զբաղվում էր