Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/459

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվ նա, ինչպես արդեն գիտենք, թռցրել էր այդ ջութակը։ Հսկիչի հետ ինչ-որ գործի պատրվակով գնացել էր քաղաք, մտել այն խանութը և թռցրել։ Այնպիսի՛ զարմանալի վարպետությամբ, որ ո՛չ հսկիչն էր տեսել, ո՛չ խանութպանը։ Սակայն բախտն այս անգամ ևս դավաճանել էր Հաջուն և այն էլ այնպիսի մի տեղում, ուր նա ամենից քիչ կարող էր կասկածել իր ուժերին։ Ջութակը պահած է լինում վերարկուի ներքևը, և ահա, Ուղղիչ Տան դարբասներից մտնելիս՝ Հաջին քսվում է դռան երկաթներին, ու դավաճանում է նրան իր այնքան ջանքերով փախցրած սիրուհին... Լարերը զնգում են ու մատնում հսկիչներին Հաջու վերարկուի գաղտնիքը։ Բարձրացնում են վերարկուն, տեսնում ջութակը և Հաջուն, ջութակի հետ մեկտեղ, ներկայացնում պետին։ Պետը կանչում է խանութպանին և հանձնում նրան թռցրած ջութակը։

Այդ երեկո հուզված, բորբոքված, արյուն կաթող աչքերով մտավ մեր կամերան Հաջին, և նրա ձայնի մեջ լաց կար, տխրություն ու մորմոք, երբ նա ասաց.

— Դնգա՜ց շունշանորդին... Ձայն հանեց... Երանի թե ինծի տաս տարու նոր վճիռք տային, միայն թե չխլեին ինծմե այդ ջութակը...

Այդ երեկո մինչև գիշերվա կեսը անաշայով գլանակներ ծխեց Հաջին ու հուսահատ մորմոքաց։ Եվ նա, այդ Հաջին, որ շատախոս էր ընդհանրապես՝ լռակյաց էր դարձել այդ երեկո։ Դեղին, անաշայից ավելի ևս ուռած աչքերով, երբեմն միայն մոտենում էր մեկնումեկիս ու գլուխը դառնորեն օրորելով, մղկտալով ասում.