Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/461

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պայմաններում: Եթե ապրում ես մի կամերայում, որոշ հասարակության մեջ` ապա ուրեմն չպետք է դավաճանես նրանց տարրական շահերին: Մատնիչությունը մահացու մեղք է համարվում բոլոր կալանավորների մեջ անխտիր. նրանք ունեն իրենց չգրված բարոյական օրենքները— և վա՛յ նրանց, ովքեր կխախտեն այդ օրենքները։ — Նրանք կդառնան կալանավորական հասարակության պարիաները, չանդալաները, և, ինչպես հնդկական Մանուն է ասել իր հռչակավոր օրենսդրքում, թե «չանդալան չպետք է խմե աղբյուրների ջրից»— այնպես էլ յուրաքանչյուր կալանավոր ձեզ կասի, որ «մատնիչը չպետք է նստի ա՛յն սեղանի շուրջը, ուր նստում են մյուսները, չպետք է ուտի ընկերական հացը և խմի ընկերական ջուրը»։ Անխոս, առանց այլևայլության, նա կենթարկվի բոլորի ատելությանը և արհամարհանքին, այնպես որ ինքն իր աչքին անգամ կդառնա, որպես շունը։

Կալանավորական բարոյականության այս նորմերը առանձնապես անխախտ էին պահվում լյումպենների շրջանում, քանի որ սրանք մի տեսակ «պրոֆեսիոնալ» կալանավորներ էին, որոնց համար կյանքի ու մահու խնդիր էր վարչության հետ ունեցած փոխհարաբերությունը։ Սրանք առանձին կաստա էին, մի ինքնամփոփ կաստա, որ իրեն հակադրում էր վարչությանը, և ով ընկնում էր նրանց շրջանը` կա՛մ պիտի ենթարկվեր նրանց բարոյական նորմերին, կա՛մ հեռանար։ Ծայրահեղ դեպքում նրանից պահանջվում էր «խիստ չեզոքություն» — այս իմաստով էր ահա, որ Բաղդասարը մեր կամերայի թուրքերին համարում էր «անշառ» մարդիկ։