Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/462

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հարկավոր է ասել սակայն, որ նույն այդ լյումպենների շարքում կային մարդիկ, որ մի անգամ քաղաք գնալու համար իրենց բոլոր ընկերներին կծախեին: Վատն այստեղ այն էր, որ դրանք հայտնում էին վարչությանը իրենց ընկերների այս կամ այն անթույլատրելի արարքը ո՛չ թե քաղաքացիական գիտակցությունից դրդված, ելնելով բարոյական ուրիշ, ավելի բարձր նորմերից, այլ անձնական ամենամանր օգուտի համար, մի թաս «ոսպե ապուրի» ակնկալությամբ։ Բայց վա՜յ նրանց, եթե նրանց արարքն իմացվեր։ — Այդպիսիների թիվը սակայն այնքան էլ շատ չէր։ Եթե անողներ էլ կային— անում էին գաղտնի, այնպես որ չէր իմացվում։

Մնում էին հսկիչները։ Նրանք էլ հո չէ՞ին կարող միևնույն ժամանակ բոլոր կամերաներում լինել. հինգ կամերային մի հսկիչ կար միայն, որ շրջում էր միջանցքում, այնպես որ դրամ խաղացող կալանավորները, որոնք, ի միջի այլոց, այնքան էլ շատ չէին, այսպես թե այնպես, գտնում էին հնարավորություն` քիչ թե շատ խաղալու։

Երբ ես ներս մտա` խաղացողները կասկածոտ ինձ նայեցին. միայն այն, որ ես «ինտելիգենտ» էի, արդեն կասկած էր ներշնչում։ Սակայն ինձ ճանաչող կալանավորները վստահեցրին նրանց խիստ արտահայտիչ նշաններով ու հայացքներով— և խաղը շարունակվեց։

Քանի որ ես մտել էի նրանց շրջանը և ցանկություն ունեի շահելու նրանց վստահությունը` ինձ մնում էր առնվազն «չեզոքություն պահել»— և ես պահեցի։