Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/463

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ընդամենը տասը րոպե տևեց նրանք խաղը: Հետո թուրք կալանավորը վեր կացավ, ձեռքերը ծափ տալու նման իրար խփեց և հեռացավ։ Հարցրի Բաղդասարին. — Որքա՞ն տարար։ — Խաղացողին չե՛ն հարցնի, թե որքան տարար. դա խոսք չի՛, — դաստիարակի տոնով պատասխանեց Բաղդասարը ու քաշվեց մի կողմ։ Նա տարել էր և հուզված էր երևում։ Ալքերը փայլում էին, ռունգերը դողում։ Շնչում էր ծանր ու ընդհատ։

Հետո ես շատ անգամ տեսա Բաղդասարին խաղալիս. տանելիս նա ավելի էր հուզվում, քան տարվելիս։ Տարվելիս, օրվա որ ժամին էլ դա լիներ, հանում էր շորերը, մտնում անկողին, գլուխը ծածկում վերմակով ու քնում։ Գուցե և չէր քնում, այլ տառապում էր անհանգիստ, ու ծածկում էր գլուխը, որ չնկատեն հուզմունքը։ — Ո՜վ իմանա։ 

Մի անգամ երեկոյան, երբ ես վերցրել էի մի գիրք և ուզում էի կարդալ, — ութերորդ կամերան տեղափոխվելուս երրորդ, թե չորրորդ օրն էր, — հանկարծ ինձ մոտեցավ Բաղդասարը։ — Ընկե՛ր Չարյանց, եկեք խելք մրցենք։ — Ո՞նց թե «խելք մրցենք», ո՞նց մրցենք, Բաղդասա՛ր։ — Ա՛յ, ձեզ ասեմ։ Ուզո՞ւմ եք` հետաքրքիր հանելուկներով։

— Լա՛վ, տո՛ւր։ 

Նա ասաց մի քանի հանելուկներ, որոնցից ոչ մեկը ես չկարողացա գուշակել։ Նա խիստ գոհ, համարյա արհամարհանքով, սեփական գերազանցության խոր գիտակցությամբ ժպտաց և գնաց իր տեղը։ Ես պարտված էի և գիտեի, թե գա ի՛նչ է