ված վարժապետներին և հոգաբարձուներին։ Եվ նրանք էլ, լիովին օգտվելով խանութի այդ հարմարություններից՝ հաճախ նարդի, կամ թուղթ են խաղում որևէ ուտելիքի, կամ մի-երկու շիշ գինու վրա. ով որ տարվեց — գնի։ Բայց գիտե՞ք, թե ինչո՞ւ, ի միջի այլոց, մոմավաճառքի խանութը կողմնակի այցելուներ չունի. այդ մասին կարող է տեղեկացնել քաղաքում շատ հայտնի սրճարանատեր Սեթոն, որ, ամեն ինչից տեղեկություններ ունենալու շնորհիվ քաղաքացիների կողմից արժանացել է «Տելեֆոն Սեթո» հորջորջման։ Այդ հարգելի քաղաքացին պատմում է, որ երբ կոշկակար Սիմոնի երեխան կնքելիս ինքը, որպես կնքահայր, ուզեցել է մտնել մոմավաճառքի խանութը մի զույգ կերոն գնելու — ս. Գևորգ եկեղեցու քահանա տեր Հուսիկ-Խաչագողը զգույշ քաշել է նրա փեշից. մոմավաճառքից կերոն գնելու ոչ մի կարիք չկա,— ասել է տեր Հուսիկ-Խաչագողը Տելեֆոն Սեթոյին.— կարող է եկեղեցուց վերցնել. թե էժան կնստի և թե եկեղեցին կօգտվի,— ասել է Տելեֆոն Սեթոյին տեր Հուսիկ քահանան։ Ահա՛ թե ինչու ազգային այդ հիմնարկությունը — եկեղեցական մոմավաճառքի խանութը — այցելուներ չունի։
Բայց որպես մի իսկական «քաղաքական ակումբ» — և այն էլ ոչ միայն վարժապետների և հոգաբարձուների, այլև ազգային գործերով բոլոր հետաքրքրվողների համար,— որպես այդպիսի ահա մի հասարակական կենտրոն հայտնի է քաղաքում «Լույս» նավթարդյունաբերական ընկերության այդտեղի ներկայացուցչի գրասենյակը,— մի հիմնարկություն, որ ամենայն իրավունքով կարող էր անվանվել — «Նայիրյան գործերի կենտրոն»։